Ողջու՛յն, աշխարհ:

Էջմիածնում Զորավար Անդրանիկի անվան դպրոցում բացվեց իսկական Հայի, քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվան դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զորավար Անդրանիկի անվան համար 12 հիմնական դպրոցում բացվեց քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվան դասասենյակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, հասակակից ու մարտական ընկերները, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, Արցախի Հանրապետությունից:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև տոնական հանդես, որի ժամանակ դպրոցի սաները կենդանի կատարմամբ հնչեցրեցին հայրենասիրական երգեր:

Հուզիչ էր այն պահը, երբ երեխաները ասմունքելիս լաց էին լինում, սակայն ներկա գտնվողները ասում էին. «Այդ արցունքները հաղթանակի ու հպարտության արցունքներ են: Այն հաղթանակի, որը կերտել են մեր բազմաթիվ առյուծ հերոսներ՝ արցախյան պատերազմից սկսած, մինչև մեր օրրեը: Այդ հերոսների էր նաև Հովսեփ Կիրակոսյանը, ով իր կյանքը հերոսաբար զոհելով՝ փրկել էր 25 զիվոր: Մենք հպարտանում ենք, որ այսուհետ այն լսարանում ենք ուսում առնելու, որը կրելու է հերոսի անունը: Հովսեփի նմաններին մենք կյանքում բացակա չենք դնի»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի